Ֆիզիկա/Թեստեր/1
Արտաքին տեսք
Մեխանիկական շարժում: Մեխանիկայի հիմնական խնդիրը: Համընթաց շարժում: Նյութական կետ: Մարմնի դիրքը տարածության մեջ: Հաշվարկման մարմին: Հաշվարկման համակարգ: Հետագիծ, ճանապարհ և տեղափոխություն
[խմբագրել]- Ի՞նչն են անվանում մեխանիկական շարժում:
Մեխանիկական շարժում է կոչվում ժամանակի ընթացքում տարածության մեջ մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կամ մարմնի մասերի դիրքերի փոփոխությունն իրար նկատմամբ:
- Ձևակերպել մեխանիկայի հիմնական խնդիրը:
Մեխանիկայի հիմնական խնդիրն է որոշել մարմնի դիրքը տարածության մեջ ժամանակի ցանկացած պահին:
- Ո՞ր շարժումն է կոչվում համընթաց: Բերել օրինակ:
Համընթաց կոչվում է այն շարժումը, որի ժամանակ մարմնի ցանկացած երկու կետեր միացնող ուղիղը շարժման ընթացքում մնում է ինքն իրեն զուգահեռ:
- Ի՞նչն են անվանում նյութական կետ: Բերել օրինակ:
Նյութական կետ է կոչվում այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել: «Տվյալ պայմաններում» ասելով պետք է հասկանալ, որ միևնույն մարմինը որոշ դեպքում կարելի է համարել նյութական կետ, եթե նրա չափերը շատ անգամ փոքր են նրա անցած հեռավորության համեմատությամբ:
- Ի՞նչն են անվանում հաշվարկման մարմին:
Հաշվարկման մարմին կոչվում է այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում են այլ մարմիններ:
- Ի՞նչից է կազմված հաշվարկման համակարգը:
Հաշվարկման մարմինը, նրա հետ կապված կոորդինատային համակարգը և ժամանակի հաշվարկման սարքը՝ ժամացույցը, միասին կազմում են հաշվարկման համակարգը, որի նկատմամբ էլ դիտարկվում է մարմնի շարժումը:
- Ի՞նչն են անվանում տեղափոխություն:
Մարմնի սկզբնական դիրքը վերջնական դիրքին միացնող վեկտորը կոչվում է տեղափոխություն:
- Ի՞նչն են անվանում նյութական կետի շարժման հետագիծ:
Նյութական կետի շարժման հետագիծ կոչվում է այն կետերի բազմությունը (կետերի երկրաչափական տեղը) , որոնցով տվյալ հաշվարկման համակարգում անցնում է մարմինը շարժման ընթացքում:
- Ի՞նչն են անվանում ճանապարհ:
Ճանապարհ է կոչվում հետագծի երկարությունը:
- Ի՞նչ է նշանակում «լուծել մեխանիկայի հիմնական խնդիրը» արտահայտությունը:
«Լուծել մեխանիկայի հիմնական խնդիրը» արտահայտությունը նշանակում է գտնել մարմնի դիրքը որոշող ֆիզիկական մեծության կախումը ժամանակից:
- Ո՞ր դեպքում է մարմնի անցած ճանապարհը հավասար նրա տեղափոխության մեծությանը (մոդուլին):
Երբ մարմնի հետագիծը կհամընկնի տեղափոխության հետ, ապա մարմնի անցած ճանապարհը հավասար կլինի նրա տ-ափոխության մոդուլին, իսկ դա տեղի կունենա երբ մարմինը շարժվի ուղղագիծ:
.