Jump to content

Մշակույթի զարգացման նախադրյալները

Վիքիգրքեր-ից

Մշակույթի զարգացման նախադրյալները Մշակույթի զարգացման նախադրյալները X-XIV դդ. բարձր զարգացման հասան նյութական և հոգևոր մշակույթի բոլոր բնագավառները: Մշակութային վերածնունդը պայմանավորված էր երկրի քաղաքական և տնտեսական առաջընթացով: Պետականության վերականգնումից ու ամրապնդումից հետո տևական խաղաղություն էր հաստատվել, բարգավաճում էր տնտեսությունը: Հայ թագավորները դպրոցական գործի, գիտության և արվեստի հովանավորներ էին: Մշակութային վերելքը պայմանավորված էր նաև քաղաքային կյանքի վերածնունդով: Միջնադարյան քաղաքներն առաջ էին քաշում աշխարհիկ կրթություն ստացած, բնական գիտություններին, իրավագիտությանն ու բժշկագիտությանը տեղյակ մարդկանց մեծ պահանջ: Քաղաքներում ապրող մեծահարուստները հանդես էին գալիս որպես բարձրարվեստ գործերի պատվիրատուներ: Մշակութային առաջընթացի կարևոր նախադրյալ էր նաև հարևան երկրների հետ բազմազան շփումների աշխուժացումը:

Դպրոց X-XIV դդ. աճեց դպրոցների թիվը, ընդլայնվեց դասավանդվող առարկաների քանակը: Նախնական ուսուցումը կատարվում էր տարրական դպրոցներում, որոնք գործում էին խոշոր գյուղերում, վանքերում և քաղաքներում: Այդ դպրոցները, սովորաբար, պահվում էին եկեղեցու և պետության հաշվին: Կային նաև վճարովի մասնավոր դպրոցներ: Տարրական դպրոցներում աշակերտներին սովորեցնում էին գրել, կարդալ, հաշվել և երգել: Երեխաները դպրոց էին ընդունվում 12-13 տարեկանում և սովորում շուրջ 3 տարի: Նոր երևույթ էր բարձրագույն տիպի դպրոցների՝ վարդապետարանների հանդես գալը: Վարդապետարաններում դասընթացի տևողությունը 7-8 տարի էր: Դասընթացը յուրացնելուց հետո սաները ստանում էին վարդապետի աստիճան և ուսուցչությամբ զբաղվելու իրավունք: Դասագրքերը ձեռագիր էին, չափազանց թանկ և փոխանցվում էին սերնդից սերունդ: XI-XII դդ. հայտնի էր Անիի վարդապետարանը, որտեղ գործունեություն էր ծավալել Հովհաննես Իմաստասերը: Նրա ուսուցչապետության տարիներին Անիի վարդապետարանը բազում շրջանավարտներ տվեց: Նրա սաները կրթական գործը տարածեցին Հայաստանի տարբեր վայրերում: Կիլիկյան Հայաստանի կրթական կենտրոններից մեծ հռչակ էր վայելում Սիս մայրաքաղաքի բարձր տիպի դպրոցը: Հայաստանյան վարդապետարաններից ամենանշանավորը Գլաձորի համալսարանն էր, որը 1280-ական թվականներին հիմնադրեց Ներսես Մշեցին: Համալսարանը հովանավորում էին Պռոշյան և Օրբելյան իշխանները: Եսայի Նշեցու ուսուցչապետության տարիներին այստեղ սովորելու էին գալիս հարյուրավոր երիտասարդներ: Գլաձորում դասավանդումը կատարվում էր ժամանակի եվրոպական համալսարանների մակարդակով: Երբ քաղաքական ու տնտեսական ծանր պայմանները հարկադրեցին դադարեցնել Գլաձորի համալսարանի գործունեությունը, նրա սաները տեղափոխվեցին Տաթևի համալսարան: Այստեղ դասավանդում էին նշանավոր գիտնականներ Հովնան Որոտնեցին և Գրիգոր Տաթևացին: Տաթևի համալսարանը գործեց մինչև 1412թ.:

Գիտություն Պատմագրություն Բագրատունյաց Հայաստանի քաղաքական ու տնտեսական վերելքը պայմաններ ստեղծեց գիտության զարգացման համար: Բուռն ծաղկում ապրեց պատմագրությունը: Շարունակվեց «Հայոց պատմությունների» ստեղծումը: Դրանց հեղինակներն իրենց բուն աշխատությունն սկսում էին այնտեղից, որտեղ կանգ էր առել նախորդ պատմիչը: Այդպես շարադրվեց կաթողիկոս ու քաղաքական գործիչ Հովհաննես Դրասխանակերտցու «Հայոց պատմությունը»: Պատմիչների մյուս խումբը գրի էր առնում նաև հարևան երկրների պատմությունը՝ ստեղծելով «տիեզերական» պատմություններ: Միջնադարյան պատմագրության այս ուղղության ներկայացուցիչներն էին Ստեփանոս Տարոնեցին և Վարդան Արևելցին: Պատմագրության մյուս ուղղությունը տեղական նշանավոր տոհմերի պատմության շարադրումն էր: Թովմա Արծրունին գրեց Վասպուրականի «Արծրունիների տան պատմությունը»: Առավել նշանավոր էր Ստեփանոս Օրբելյանի «Սիսական նահանգի պատմություն» մեծարժեք աշխատությունը: Այս ժամանակաշրջանում հայ պատմագրության մեջ սկիզբ առան նոր ուղղություններ: Պատմիչներն սկսեցին գրել ժամանակագրություններ և տարեգրություններ: Նրանք ըստ տարիների համառոտ շարադրում էին իրենց ժամանակաշրջանի իրադարձությունները: Կիլիկյան Հայաստանի պատմիչներից ամենանշանավորը Սմբատ Գունդստաբլն է, որի «Տարեգիրք»-ը պահպանել է Ռուբինյանների և Հեթումյանների ժամանակաշրջանի կարևոր դեպքերը: Փիլիսոփայություն Մեծ զարգացում ապրեց հայ փիլիսոփայական միտքը: Նշանավոր էր Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, որը, զորավար ու քաղաքական գործիչ լինելուց բացի, նաև բազմակողմանի կրթված գիտնական էր: Նա թարգմանում և մեկնաբանում էր հին հունական փիլիսոփայական աշխատությունները: Հանրագիտարանային գիտելիքների տեր էր ականավոր փիլիսոփա ու տաղանդավոր բանաստեղծ Հովհաննես Իմաստասերը: Փիլիսոփայական կրթությանը մեծ ուշադրություն էին դարձնում Գլաձորի ու Տաթևի համալսարաններում: Հովհան Որոտնեցու և Գրիգոր Տաթևացու աշխատությունները նշանակալից առաջընթաց էին հայ փիլիսոփայական մտքի պատմության մեջ:

Իրավագիտություն Աննախընթաց զարգացավ հայ իրավական միտքը: XII դ. առաջին կեսին գրված Դավիթ Ալավկաորդու «Կանոնները» կարգավորում էին ընտանեկան ու կենցաղային հարցերը: Հատկապես մեծ էին այդ ասպարեզում Մխիթար Գոշի ծառայությունները: XII դ. վերջին նա գրեց «Գիրք դատաստանի» օրենսգիրքը, որը կարգավորում էր հասարակական կյանքի բոլոր բնագավառները: Այդ երկը սկսել է թարգմանվել դեռևս միջնադարում և այսօր միջազգային ճանաչում է ձեռք բերել: Դրա հիման վրա հաջորդ դարում իր «Դատաստանագիրքն» է ստեղծել Սմբատ Գունդստաբլը: Նրա աշխատությունը հարմարեցված էր Կիլիկյան Հայաստանի առանձնահատուկ պայմաններին:

Բնական գիտություններ Ժամանակի առաջադրած պահանջներով էր պայմանավորված նաև բնական գիտությունների վերելքը: Մաթեմատիկայի ասպարեզում կարևոր աշխատանք կատարեց Գրիգոր Մագիստրոսը: Նա է առաջին անգամ հայերեն թարգմանել Էվկլիդեսի «Երկրաչափությունը»: Ականավոր գիտնական Հովհաննես Իմաստասերը հարստացրեց ժամանակի թվաբանական գիտությունը, ուսումնասիրեց և բարեփոխեց հայկական օրացույցը: Այդ դարաշրջանի հայ գիտնականներն զբաղվել են նաև կենդանաբանության, կենսաբանության և բժշկագիտության հարցերով: Հայ բժիշկներից ամենահռչակավորը Մխիթար Հերացին էր: Նրա «Ջերմանց մխիթարություն» աշխատությունը շարադրված է ժամանակի խոսակցական լեզվով, որպեսզի բոլորը «կարդան և օգուտ քաղեն»: Հայ բժիշկները հիվանդություններն ուսումնասիրելու նպատակով նույնիսկ դիահերձումներ էին կատարում, ինչն արգելված էր Եվրոպայում: