Jump to content

Բջջաբանություն

Վիքիգրքեր-ից

Բջջաբանությունը գիտություն է բջջի մասին: Նրա խնդիրն է ուսումնասիրել բջիջների կառուցվածքը, ֆունկցիան, նրանց քիմիական բաղադրությունը, բազմացումը և զարգացումը: Բջիջ տերմինը առաջին անգամ օգտագործել է անգլիացի ֆիզիկոս Ռոբերտ Հուկը 1665թ., երբ իր իսկ պատրաստած պարզ կառուցվածքի մանրադիտակով դիտում է խցանի բարակ կտրվածքը և նրանում հայտնաբերում փոքրիկ խորշիկներ, բջիջներ: Ավելի ուշ 1680թ., հոլանդացի գիտնական,օպտիկական գործիքների մասնագետ Անտոն Լևենհուկը առաջին անգամ դիտեց կենդանի բջիջը (էրիթոցիտը)և հայտնաբերեց միաբջիջ օրգանիզմները: Մանրադիտակի կատարելագործումը հնարավորություն ստեղծեց հետագայում հայտնաբերելու բջջի պրոտոպլազման (1830թ.) և կորիզը (1831թ.): Կուտակված հսկայական տեղեկության հիման վրա 1838-39թթ. գերմանացի բուսաբան Մ. Շլեյդենը և կենդանաբան Թ. Շվանը տվեցին բջջային տեսությունը, ըստ որի բջիջը համարվում է կենդանի օրգանիզմների կառուցվածքային և ֆունկցիոնալ միավոր: Բջջային տեսությունը ապացուցում է բուսական և կենդանական օրգանիզմների և ընդհանրապես օրգանական աշխարհի միասնականությունը և ժխտում մետաֆիզիկական աշխարհայացքը: Փոքր-ինչ ավելի ուշ (1858թ.) գերմանացի բժիշկ Ռ. Վիրխովն առաջին անգամ ցույց տվեց, որ օրգանիզմի ախտաբանական պրոցեսների հիմքում ընկած են բջջում տեղի ունեցող փոփոխությունները: Այսպես, օրինակ, այնպիսի ծանր հիվանդությունը, ինչպիսին է շաքարախտը, առաջանում է ենթաստամոքսային գեղձի որոշ խումբ բջիջների փոփոխման հետևանքով, երբ դրանք կրցնում են ինսուլին հորմոն սինթեզելու ունակությունը: Ներկայումս բջջային տեսությունը ընդգրկում է հետևյալ հիմնադրույթները. 1.բջիջը համարվում է բոլոր օրգանիզմների կառուցվածքային ու ֆունկցիոնալ տարրական միավորը, 2.բոլոր օրգանիզմների բջիջներն իրենց կառուցվածքով ու քիմիական բաղադրությամբ ունեն որոշակի նմանություն, 3.բջիջները բազմանում են բաժանման եղանակով, և յուրաքանչյուր նոր բջիջ առաջանում է մայր բջջից, 4.բազմաբջիջ օրգանիզմներում բջիջներն ունակ են տարբերակվելու, առաջացնելով կառուցվածքով ու ֆւնկցիայով ոչ միատեսակ հյուսվածքներ,օրգաններ, որոնք միմյանց հետ գտնվում են ներդաշնակ փոխկապակցության մեջ: Դրանում է օրգանիզմի ամբողջականությունը, որն իրականացվում է նյարդային և հումորալ ճանապարհով: Բջջի ուսումնասիրության մեթոդները. 1.Մանրադիտակային մեթոդ: Օգնում է ուսումնասիրելու բջջի կառուցվածքային մասերը, որոնք անզեն աչքով աննկատելի են: Լայն կիրառություն ունի սովորական լուսային մանրադիտակը, որը կարող է հետազոտվող օբյեկտը մեծացնել մինչև 3000 անգամ: 2.Բջջի քիմիական բաղադրությունն ուսումնասիրվում է ցիտոքիմիական մեթոդներով: 3.Ռենտգենակառուցվածքային վերլուծության մեթոդ: Հնարավորություն է տալիս ուսումնասիրել բջջի կազմի մեջ մտնող մոլեկուլների տարածական դասավորությունը: 4.Ավտոռադիոգրաֆիայի մեթոդ: Այս դեպքում բջիջ են ներմուծվում նշանադրված ռադիոակտիվ ատոմներ և ապա գրանցում դրանց տեղակայումը: