և (ԵՎ, եւ) տառի ուղղագրության կանոններ

Վիքիգրքեր-ից
Անցնել դեպի նավարկություն, որոնել

և (ԵՎ, եւ) տառի ուղղագրության կանոններ[խմբագրել]

Մեծատառ և հայերենում չկա. մեծատառի անհրաժեշտության դեպքում գրվում է Եվ կամ ԵՎ տառակապակցությունը։

Բառասկզբում, բացի ևեթ, ևս բառերից՝ միշտ գրվում է եվ տառակապակցությունը, ինչպես՝ Եվա, Եվգինե, Եվրոպա, եվրո (դրամական միավոր), եվրոպացի, եվոլական տավիղ 1 և այլն։ Եթե բառասկզբում եվ ունեցող բառերին սկզբից բառակազմական նոր բաղադրիչ է ավելանում, ապա պահպանվում է գրության նույն սկզբունքը, ինչպես՝ արևելաեվրոպական, համաեվրոպական, հնդեվրոպական և այլն։

Բառամիջում գրվում է եվ, եթե ե-ին հաջորդող վ-ն արմատի սկզբնատառ է, օրինակ՝ ագեվազ (կենգուրու), գերեվարել, գինեվաճառ, գինեվարպետ, դափնեվարդ, կարեվեր(խորը վիշտ պատճառել), հոգեվարք, հոգեվիճակ, ոսկեվազ, ոսկեվարս, ուղեվճար և այլն։

Հակառակ դեպքում բառամիջում գրվում է և:

Բացատրություն․ Սովորաբար վ-ին նախորդող ե-ն լինում է ի+ա-ե հնչյունփոխության հետևանքով, օրինակ՝ գինի+ա+վաճառ -> գինեվաճառ։

Իսկ -վոր-ով կազմված բառերում գրվում է և, ոչ թե եվ, որովհետև -վոր-ը վերջածանց է, այլ ոչ թե արմատ, օրինակ՝ ագևոր (ագի-ա-վոր), ալևոր, գոտևորել, հոգևոր, ոգևորել, ոսկևորել, ուղևոր, ունևոր։

Վանկատման ժամանակ գրվում է եվ, երբ ե-ն և վ-ն պատկանում են տարբեր վանկերի, ինչպես՝ հա-րե-վան, հո-գե-վոր, ու-ղե-վոր և այլն:

Տողադարձի ժամանակ գրվում է եվ, եթե ե-ն է մնա վերևի տողում, իսկ վ-ն անցնի հաջորդ տող, օրինակ՝ հոգե-վոր, ուղե-վոր։

Այլապես գրվում է և, ինչպես՝ հո-գևոր, ու-ղևոր։

«և» տառը համակարգչում[խմբագրել]

Այն դեպքերում երբ համակարգչի գրառման համակարգը թույլ չի տալիս ներմուծել կամ արտատպել «և» տառը, այն պետք է արտատպել «եւ» տարբերակով։ Այդպիսի օրինակներ են որոշ սմարթֆոնների ներմուծման վիրտուալ ստեղնաշարերը, պատմականորեն, այդպիսինն էին նաև որոշ տառատեսակները և ստեղնաշարի դրայվերները MS-DOS օպերացիոն համակարգում։

Այսպիսով՝ համակարգչում և տառը կարող է ունենալ 3 ներկայացում․ և փոքրատառ, ԵՎ մեծատառ, և եւ՝ սահմանափակ համակարգի դեպքում։

Տես նաև[խմբագրել]

Հղումներ[խմբագրել]

  • «Հայոց լեզու և խոսքի մշակույթ» Ա․ Սարգսյան, Ս․ Համբարձումյան, Երևան,2012 էջ․ 22-23