Jump to content

Ֆիզիկա/Թեստեր/17

Վիքիգրքեր-ից

Բազմաթիվ դիտումները և փորձերը ցույց են տալիս, որ մարմնի շարժման արագացման պատճառը նրա վրա այլ մարմնի կամ մարմինների ազդեցությունն է: Հետևաբար` արտաքին ազդեցությունների բացակայության դեպքում մարմինը չի շարժվի արագացմամբ,այսինքն` կգտնվի դադարի վիճակում կամ էլ կկատարի ուղղագիծ հավասարաչափ շարժում:Արագացում չի առաջանա նաև այն դեպքում,երբ մարմնի վրա գործող ազդեցությունները համակշռեն իրար: Օրինակ` սեղանին դրված չորսուն անշարժ է, որովհետև Երկրի ձգողությունը համակշռում է սեղանի հակազդմամբ: Կամ` ավտոմեքենան շարժվում է ուղղագիծ հավասարաչափ, որովհետև Երկրի ձգողությունը համակշռում է ճանապարհի հակազդմամբ, իսկ շփումն ու օդի դիմադրությունը` նրա շարժիչի զարգացրած քարշով: Հետևաբար` արտաքին ազդեցությունների բացակայության կամ նրանց փոխհամակշռման դեպքում մարմիններն իրենց արագությունները պահպանում են անփոփոխ: Դա էլ իներցիայի օրենքի էությունն է: Նյուտոնն այդ պնդումը մտցրեց մեխանիկական շարժման օրինաչափությունների ընդհանուր շարքը` համարելով այն առաջին օրենք: Հաշվարկման տարբեր համակարգերի գոյության պատճառով Նյուտոնի առաջին օրենքը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. գոյություն ունեն հաշվարկման այնպիսի համակարգեր, որոնց նկատմամբ համընթաց շարժվող մարմնի արագությունն անփոփոխ է, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում, կամ էլ դրանց ազդեցությունները փոխադարձ համակշռում են: