Քննարկում:Սվո Ռաֆ

Վիքիգրքեր-ից

ԵՐԵՎԱՆԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ • 'Սվո Ռաֆ', 'Կրակեշապիկ հագած մարդը', 'Գայլի թակարդ', 'Գողական աշխարհ-2', 'Հանցագործ աշխարհի անատոմիա', 'Պարույր Սեւակ. զուտ սովետական սպանություն' երկհատորանոց գրքերի հրատարակումից հետո արձակագիր Սերգեյ Գալոյանը հրատարակման է պատրաստել հաջորդ գիրքը: - Դուք 21 գրքի հեղինակ եք, Հայաստանի գրողների միության անդա՞մ: - Ես Հայաստանի գրողների միության անդամ չեմ: - Իսկ ինչո՞ւ չեք դիմում՝ միության անդամ դառնալու համար: - Չեմ դիմել, որովհետեւ ստեղծագործական որեւէ միություն չպետք է սպասի, որ գրողը, նկարիչը, երգահանը իրեն դիմի: Այդ միությունները իրենք պետք է լավ իմանան իրենց աշխարհում գործող հայտնի մարդկանց եւ հրավիրեն: Ես մտահոգություն չունեմ, որովհետեւ իմ ընթերցողն ունեմ: - Միության անդամ չլինելը հնարավո՞ր է պայմանավորված է նրանով, որ Դուք կրիմինալ պատմություններ եք գրում իրական հանցաշխարհի, գողերի, ավազակների, 'հեղինակությունների' մասին: - Նրանք, ովքեր կարդացել են իմ գրքերը, նկատել են, որ ես գրում եմ ծայրահեղ իրավիճակներում հայտնված ողբերգական կենսագրություն ունեցող մարդկանց մասին: Այդպիսի իրավիճակներում են եղել ոչ միայն Ռաֆայել Բաղդասարյանը՝ Սվո Ռաֆը, Հարություն Ռոստոմյանը՝ Էջմիածինցի Հարութիկը, այլեւ Պարույր Սեւակը, Մինաս Ավետիսյանը, Վարդգես Պետրոսյանը: Որեւէ միության անդամատոմս չգրողին գրող չի դարձրել, կա գիրքը՝ կա այդ գրքի ընթերցողը: Չգիտեմ՝ Հայաստանի գրողների միության անդա՞մ է գեղանկարիչ Վարուժան Վարդանյանը, բայց շատ ու շատ 'գրողներ' պիտի նախանձեն Վարուժանի գրքերին, նրա 'Մինասի վերադարձը' խոհագրությանը: - Բայց Դուք ամենաքննադատվող գրողն եք: - Դուք ճիշտ եք նկատել, Հայաստանի գրախանութներում եւ գրավաճառների մոտ արդեն ութերորդ ամիսն է, ինչ վաճառվում է պետպատվերով տպագրված 'Հուդայի ավետարանը': Դրանից քիչ հետո 'Գարուն' ամսագրում տպագրվեց այս ավետարանի մի ուրիշ՝ ավելի որակյալ թարգմանություն: Միայն դրանից հետո տպագրվեց 'Տրակտատներ տղամարդկանց մասին' գիրքը, որտեղ կա 'Հուդայի ավետարանի' իմ թարգմանությունը եւ այդ ավետարանի հայտնաբերման անչափ հետաքրքիր պատմությունը: Բայց մեկը, որին բարեկամ էի համարում, թերթերից մեկում իմ դեմ նյութ հրապարակեց, խորհուրդ տալով հրապարակավ այրել այն: Մի ուրիշ տղա, որը պատրաստվում է Պարույր Սեւակին ներկայացնել որպես ԽՍՀՄ ՊԱԿ-ին համագործակցած անձ, չի կարդացել Սեւակի մասին գրած-հրատարակած իմ գրքերը եւ դա հայտարարում է եթերով, ասում է, որ զուտ 'սովետական սպանություն' չի լինում: Մանչուկը կարդալու ժամանակ չունի, նա միայն գրում է: Բայց ինքը պարտավոր էր կարդալ իր գիրքը, որում Պարույր Սեւակի սպանությունը 'զուտ սովետական' է համարել: Այսքանից հետո այսպիսի քննադատություններին լուրջ վերաբերվելը առնվազն անլրջություն կլիներ: - Այժմ ի՞նչ գրքի վրա եք աշխատում: - Ավարտում եմ 'Երեւանի գաղտնիքները', որը ներկայացնում է 1940-2000թթ. Երեւանը: Այստեղ տարբեր մարդիկ են ներկայացված՝ Հրաչյա Ներսիսյան, Ավետիք Իսահակյան, Պարույր Սեւակ, Մինաս, Սլավիկ Չիլոյան, Վարուժան Նալբանդյան, Նորայր Թադեւոսյան ('Դքի Նորո'), Ռաֆիկ Բաղդասարյան ('Սվո Ռաֆ'), 'Հարութիկ', Շահեն Խաչատրյան, Վանո... - Ինչո՞վ կբացատրեք այս տարօրինակ ցանկը: - Նշածս մարդկանցից յուրաքանչյուրը մեր հրաշք քաղաքին իր գույնն ու համն է տվել: 1995-ին ՀՀ ներքին գործերի նախարար Սիրադեղյանի ջանքերով Երեւանին վերադարձվեց Ազգային պատկերասրահից 4 ամիս առաջ գողացված Այվազովսկու 'Լուսնկա գիշերը' հրաշք գործը: Սա չպիտի մոռանալ: Չպիտի մոռանանք, թե ինչպես սպանվեցին Սեւակը, Մինասը, Սլավիկ Չիլոյանը: Չպիտի մոռանանք նաեւ Երեւան քաղաքի հեղինակություններին՝ 'Սվո Ռաֆին', 'Դքի Նորոյին', 'Ծիպո Վարդգեսին', 'Նորագյուղցի Ավետին' (որն այժմ, փառք Աստծո, կա, ապրում է): Քչերը գիտեն, որ Մհեր Մկրտչյանը ակնածանքով է խոսել Նորայր Թադեւոսյանի մասին: Դեպքեր են եղել, երբ Սունդուկյանի անվան թատրոնում ներկայացումները նվիրվել են 'Դքի Նորոյին': Նրա դուռը բաց է եղել ճանաչված բժիշկների, գրողների, նկարիչների, մտավորականների առաջ: Կյանքի 64 տարիների ընթացքում որեւէ մեկին վնաս չի տվել եւ եթե օգնել է՝ անշահախնդիր: - Իսկ ինչո՞ւ էին ասում 'Դքի Նորո': - Նրանց տունը 'Ռոսիա' կինոթատրոնի նեղլիկ փողոցներից մեկում էր գտնվում, հարեւան տներից մի քիչ բարձր, 'դքի' վրա: Նորիկը նաեւ ռուս ընկերներ ուներ, որոնք չկարողանալով 'Դքի Նորո' ասել, ասում էին՝ 'Դիկի Նորո': - Հիմա մենք ապրում ենք այլ արժեքներով եւ հետաքրքրություն կա՞ խորհրդային շրջանի իրենց 'ոսկեդարն' ապրած 'ավտարիտետների' նկատմամբ: - Մենք ունենք ազգային հերոսներ, բայց քաղաքը չունի արդարամիտ մարդիկ, որոնց առջեւ փողոցում խոնարհվում էին, դա լիներ Հրաչյա Ներսիսյան, թե 'Դքի Նորո': Քաղաքին այդ հեղինակություններն են պետք, եւ քաղցը նրանց նկատմամբ՝ դրանով է բացատրվում: - ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ