Հայերեն բարբառներ

Վիքիգրքեր-ից


Ժողովրդական բարբառներից օգտվելը ոչ թե դատապարտելի է, այլ հենց դա է բնական ճանապարհը կայտառ ու կենդանի լեզու ստեղծելու։
— Հովհաննես Թումանյան

Բարբառ է կոչվում լեզվի ճյուղավորման այն համակարգը, որ իր յուրահատկություններով ընդհանուր է տվյալ հասարակության որոշակի հատվածի համար։ Լեզուների բարբառային ճյուղավորումը կատարվում է որոշակի տարածքում, և այդ պատճառով հաճախ բարբառը կոչում են տեղանքի անունով։

Հայերենն ունի շուրջ 50 բարբառ: Դրանցից շատերը (Ագուլիսի, Առտիալի, Համշենի, Սվեդիայի բարբառները) միմյանցից ավելի են տարբերվում քան իսպաներենն ու պորտուգալերենը, դանիերենն ու նորվեգերենը, ռուսերենն ու ուկրաիներենը, պարսկերենն ու տաջիկերենը և այլն: 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության և տեղահանման հետևանքով դրանց մեծ մասը, զրկվելով բնօրրանից, մատնվել է կորստյան:

Այս գրքի նպատակն է ընթերցողին ծանոթացնել տարբեր հայերեն բարբառներին։

Բովանդակություն[խմբագրել]

Հայերեն բարբառների օրինակներ[խմբագրել]

«Օրեր են, կմթնեն, անց կկենան․․․»

Ստորև ներկայացված է Հովհաննես Թումանյանի Գիքոր պատմվածքի սկիզբը, մեջբերված Հ. Ա. Հարությունյանի «Հետաքրքրաշարժ հայոց լեզու» գրքից:

Բնօրինակ[խմբագրել]

Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել։

Համբոն ուզում էր իր տասներկու տարեկան Գիքորին տանի քաղաք, մի գործի տա, որ մարդ դառնա, աշխատանք անի։ Կինը չէր համաձայնում։

— Չեմ ուզում, իմ քորփա էրեխին էն անիրավ աշխարքը՝ մի գցի, չեմ ուզում,— լալիս էր կինը։

Բայց Համբոն չլսեց:


Մշո բարբառով[խմբագրել]

Գէղացի Համբօյի տուն կըռիվ էր յընգի:

Համբօն գուզէր զուր տըսվէրգու տարէգան Գիքօրին տանէր քաղաք, գօրձի մի իդէր, օր մարթ դառնէր, դադէր ու բանէր: Կընիգ չուզէր:

- Չըմ հուզի, զիմ մատղաշ ճըժուն ինա զուլում աշխարք մը թալէր, չըմ հուզի,- գիլէր կընիգ:

Բըլէ Համբօն լըլսէց:


Գյումրու Կարնո բարբառով[խմբագրել]

Գէղցի Համբոյի տունը կըռիվ էր ընգէ:

Համբօն գուզէր օր իրան տասէրգու տարէգան Գօգօրին տանէր քաղաք, օր արէստըմ սօրվէր, մարտ դառնար: Հըմը կընիգը չէր հուզէ:

- Չէմ հուզէ, քօրփա էրէխուս էն անխիղջ աշխարքը մի քցէ,- կըսէր,- չէմ հուզէ:

Հըմը Համբօն չըլսէց:


Զեյթունի բարբառով[խմբագրել]

Կեղացը Համփըյուն դօնը գըռըէվ էյ յընգի:

Համփօյը գո գուզանէյ յու իյ դասնէյգու դայու Կուկույը քաղօք դանը, պօնի մը դոր, յույ մոըյթ տառնօր ու ծավծավա: Գընըգն ա օյզօր չօ գունէյ:

- Չօ գուզիմ, էմ մասում բօլուզը ան անավոըտ աշխօյը մի ըցգի, չօ գուզիմ,- գու գուլէյ գընըգը:

Ամմա Համփօյը չի լըսից:


Մեղրու բարբառով[խմբագրել]

Շինէցէ Համբօյի տօնը կռէվ լու նամ:

Համբօն խնդիս ի լու իյուր տըսնէրկու տըրէկան Կուքուրուն շիհար տանի, մին գործու տա, հօր մարդ դէռնի, ըխշատանք արի: Կընէկը հօժար չէ լու:

- Խընդիս չիմ, իմ քօրփա րախէն ցիքիլ մու նա անիրավ ախշարքը, խընդիս չիմ,- լէց լունիս կընէկը:

Համա Համբօ լիսուլ չի:


Ղարաբաղի բարբառով[խմբագրել]

Շինացի Համբօն տօնը կըռէվ ար ինգյալ:

Համբօն օզըմ ար ուրան տանէրկու տըրէկան Քրիքօրին տանի քաղաք մի կօրծու տա, վըէր մառթ տառնա, աշխադանք անի: Ամա կընէկը ռազի չար:

- Օզըմ չըմ, իմ քէօրփա րախան էն անդէր աշխարքը մի քէիցիլ, օզըմ չըմ,- լէաց ար ինում կընէկը:

Ամա Համբօն անգուճ չըկալավ: