Jump to content

Հայերեն բարբառներ/Փերիա

Վիքիգրքեր-ից
Փերիայի հայ բնակչության խմբանկար, 1942 թվական

Փերիան գավառ է եղել Իրանի Սպահան քաղաքի մոտակայքում, որտեղ ապրել են Շահ-Աբասի օրոք (1600-ականներին) Նախիջևանի Ջուղայից գաղթեցրած հայեր, ինչպես նաև պարսիկներ, վրացիներ, լոռեր, և թուրքեր։ Փերիան եղել է Իրանի ամենահայաշատ գավառը, որն ունեցել է հայկական եկեղեցիներ, դպրոցներ, և մեկ հայկական հիվանդանոց։ Հայերի մեծ մասը զբաղվել են հողագործությամբ և անասնապահությամբ։ Գավառը պահպանել է իր կրոնական դավանանքը, ինչպես նաև հայկական մշակույթը դպրոցական բեմադրությունների, երգչախումբերի, և ասմունքների շնորհիվ։ Գավառը 20-րդ դարի վերջերում մեծամասամբ հայաթափվել է՝ հայերի արտագաղթով։

Իրանահայությունը, որի մասն էին կազմում Փերիայի հայերը, խոսում են արևելահայերենով։ Սակայն Իրանը լինելով Խորհրդային միության սահմաններից դուրս, չի ենթարկվել 1920-ական թվականներին Մանուկ Աբեղյանի կողմից առաջարկված և Խորհրդային միության կողմից հավանության արժանացած ուղղագրական փոփոխություններին, հավատարիմ մնալով Հայերենի դասական ուղղագրության։ Այս խնդիրը երբեմն նրանց մոտ, որ հին և նոր ուղղագրությունների տարբերությունը խառնում են արևելահայերենի և արևմտահայերենի տարբերության հետ, շփոթություն է առաջացնում։ Պարզ և համառոտակի ասած՝ պարսկահայերը խոսում և գրում են արևելահայերեն՝ սակայն դասական ուղղագրությամբ։ Ուստի հետևյալ բառերն ներկայացված են դասական ուղղագրությամբ։

Փէրիոյ հայոց հիվանդանոցը՝ Նամակերտ գյուղում, որը հիմնվել 1942-ին և ապա ծառայել գավառի 140,000 հայ, պարսիկ, լոռ, թուրք, վրացի և այլ բնակչության

Փերիոյ գավառի գյուղերից են եղել Նամակերտ, Սանգիբարան, Ազնավուլ, Զառնի, Հազարջրիբ, Աղչե, Շուրիշկան, Սվարան, Սֆթիգյան (Սֆթգան), Հադան, Դեհսուր և այլ գյուղեր:

Փերիոյ կենցաղային բառապաշարից

[խմբագրել]
  • Շիբաք - սարք, որ օրորոցի մեջ էր տեղադրվում երեխայի մեզն օրորոցից դուրս ուղղելու համար
  • Տրեխ կամ չարուխ - տակը կաշվից, երեսն թելով միացված և ձեռքով կարված կոշիկ, որն օգտագործվում էր դաշտերում
  • Գիւայ - Բամբակե թելից ձեռքով կտորի պես գործված, տակը կաշի ոտնաման կամ կոշիկ
  • Մանգաղ - ցորենը ձեռքով հնձելու գործիք
Լուծ (ներքևից) և սամի (վերևից)
  • Լուծ - Փայտից պատրաստված սարք, որը վարի ժամանակ եզների վզին էին դնում
  • Սամի - լուծն եզների վզին կապող փայտ, որը սամե թելով ամրացվում էր եզան վզին, որպեսզի լուծը մնար տեղում՝ վարի և սելը քաշելու ժամանակ
  • Սամի թել - հաստ թել հյուսած մանած բրդե թելերից
  • Սամթաթել - սամիները իրար կապող այծի մաքուր բրդից հյուսած թել
Վեծկին (գութանը), որի մի ծայրը լուծին է ամրացել, և լափակը, որը ոտքով հողի մեջ է մտած
  • Վեծկի կամ գութան - տաշած ուղիղ փայտ մեկ ատամով, որի մի ծայրը միացվում էր լուծին, մյուսին հագցվում էր լափակը վարի ժամանակ
  • Մալուխ - Վածկին ու լուծը միացնող փայտը մեխանման մաս
  • Սէլ - Եռանկյունի ձևով սարքված փայտե սայլ, երկու անիվով, որի վրա ցորեն և այլ բերքեր էր բարձվում և եզների միջոցով քաշվում
  • Լափակ - երկաթե կտոր, որը միացվում էր վեծկուն և վարի ժամանակ ոտքով սեղմվում գետնի մեջ, հողը վարելիս չմաշվելու համար
  • Հօտաղ - (երկիմաստ) իմաստ առաջին՝ փոքր երեխա, որ միայն չորս եզով (երկուսն առաջ, երկուսն հետև) վարի ժամանակ նստեցվում էր լուծի վրա, եզներին բզելով առաջնորդելու համար
իմաստ երկրորդ՝ տավար արածացնելու համար վարձված 10-15 տարեկան երեխա
  • Բանվոր - ցորեն քաղելու, արտ ջրելու, ցորեն հնձելու և նման գործերի համար վարձված և տարով վարձատրվող չափահաս անձ
  • Օրվա բանվոր - օրեկան վարձվող և վարձատրվող բանվոր
  • Չամ - ցորենը հասկից բաժանելու ժամանակ, լուծին միացվող փայտե սայլականման սարք, որի երկու կեռ փայտերի միացման կետում աթոռ կար նստելու և եզներին առաջնորդելու, իսկ ներքևի մասում ուներ երկու շարք, ամեն շարքում մոտ 7-8 սուր փռունկով երկաթե անիվ, որոնք եզներին կլորաձև չամում ցորենի վրա քշելու ժամանակ՝ մանրացնում էր հասկերը
  • Կալ - գետինը հարթեցրած և ջրի օգնությամբ պնդացրած հողամաս, որի վրա կլորաձև փռվում էր հնձած և չորացած ցորենի հասկերը
  • Էրնել - չամով մանրացած ցորենը հուրսէլիով օդը մեջ գցելով քամու օգնությամբ ցորենը հարթից բաժանելը՝ կշռի տարբերության պատճառով ցորենը մի տեղ է ընկնում, հարթը մի տեղ
  • Հուրսէլի - պատառաքաղի նման 9 մատնանի երկար մատներով և կոթով սարք, որը օգտագործվում էր կալում դարսած ցորենը հարթից բաժանելու (էրնելու) համար
  • Եղան - հուրսէլու նման պատառաքաղանման սարք, որն օգտագործվում էր ցորենի խուրցերը սէլից իջեցնելու և կալի անկյունում իրար վրա դասելու համար, և նաև կալում ցորենները փռելու համար [3 մատնանի տարբերակը՝ բաֆեները բարձրացնելու, իսկ 2 մատնանի տարբերակը՝ խորցը բարձրացնելու և սելի վրա դնելու համար)
  • Խուրց - հավաքած ցորենը հնձելուց հետո և կեմով կապելուց հետո հազմում է խուրց
  • Հարթ կամ դարման - մանրացրած ցորենի ծեղ
  • Ծեղ - ցորենի ձող, որը օգտագործվում էր զամբյուղ պատրասելու, և երբեմն ձեռագործի համար
  • Կեմ - ճիլի ոլորելով հյուսած թել, որն օգտագործվում է խուրց կապելու համար
  • Ճիլ - ճահիճներում աճող չհասած բույսերը, օգտագործվող էին կեմ սարքելու համար
  • Փուլքա - իրար վրա շարված ցորենի խուրցեր
  • Թիթեն կամ թրիք - պատին խփելով կովի չորացած կղկղանք, որն օգտագործվում էր որպես վառելիք
  • Աթար - իրար վրա հավաքած, ապա գունդ-գունդ գետնի վրա չորացրած կովի կղկղանք, որն օգտագործվում էր որպես վառելիք
  • Փթիր - էշի կղկղանք, օգտագործվում էր որպես վառելիք: Նաև նրա ծուխին հականեխից հատկություններ էին վերագրում և օգտագործվում էր մրսածողության բուժման, ինչպես նաև մոծակներին քշելու համար:
  • Կու - կովի թարմ կղկղանք
  • Շիրա - խաղողի հյութից եփվող թանձր մեղրանման նյութ, որն ուտում էին հացի վրա քսելուց հետո: Խաղողը հյութը նախ լցվում էր կճուճներում և կարասներում, պարզվելուց հետո թաշտում եփվում ակութի վրա
  • Քրոշ - Խաղողը որտքով կոխրճելու համար սարքած ցեխից մարդու բոյի չափ սարքած ու կիրով պատած՝ վերևը բաց սենյակիկ՝ սարքված տունում։ Ելարանով վերևից խաղողները լցնում էին, իսկ մեկը վերևից մտնում և կոխրճում (տրորում) էր։ Խաղողի հյութը նովդանով սենյակից դուրս էր գալիս, որը ծածկված էր տախտակով, և օգտագործվում շիրա պատրաստելու համար։
  • Լովդայ - խաղողը բերքը հավաքելու ժամանակ օգտագործված երկար զամբյուղներ
  • Բելդաստա - բարակ գերանով աճող ծառի տեսակ, որն օգտագործվում էր լովդայ հյուսելու համար
  • Ակութ - Շիրա եփելու համար օգտագործվող ցեխից և քարից պատրաստված օջախ: Դեմը փոքրիկ դռնակ ուներ փայտ, ցախ և աթար վառելու համար, վերևում երկու փոքր ծակ, որոնք վրա էին տեղադրվում անոթները
  • Քարպիճ - չեփած աղյուս
  • Թաշտ - նույնաչափ պղնձից անոթներ, որն օգտագործվում էր շիրա եփելու կամ շոր լվանալու նպատակով ջուր տաքացնելու համար
  • Տաշտ - տարբեր չափերով ցեխից կամ կավից անոթներ, որն օգտագործվում էր խմոր անելու կամ կաթի համար
  • Կիր - շինության մեջ օգտագործվող նյութ
  • Պուրպիկ - կտորից սարքած խրծիկ (տիկնիկ)
  • Քարիզ - տարբեր բարձրություններում փորած հորեր, որոնք քանալների միջոցով միացվում էին իրար, և արդյունքում սարից հավաքված ջուրը նաև ուղղվում էր դեպի արտեր և թափվում առուներ, որոնցից հերթով արտերը ջրում էին հողագործները: Տարին մեկ անգամ օգտվողները միասին մաքրում էին քարիզները և առուները:
  • Գետառ - գետին մոտիկ և գետից ջրվող արտեր
  • Քարիզգյան - գետին ոչ մոտ և քարիզի ջրով ջրվող արտեր
  • Պարկ - այծի կամ ոչխարի ամբողջական կաշվով պատրաստված քսակներ, որոնց մեջ էին լցվումպահվում ցորենը կամ ալյուրը
  • Փեթակ - ալյուրի շտեմարան՝ տնում սարքած սենյակ, որը մեկ պատուհան ուներ ալյուրը սենյակում լցնելու, իսկ մեկ փոքրիկ դռնակ ներքևում՝ ալյուրն այնտեղից վերցնելու համար։ Մինչ տան առաստաղն էր հասնում։
  • Տոկտան - Փեթակից ավելի փոքր շտեմարան, որտեղ ցորեն, գարի և այլ բաներ էին պահում․ սառնարանի չափ բայց մի քիչ ավելի բոյով։
  • Տրտինգ անել կամ որտզի գցել - ձիու կամ իշան վազելով քացի խփելը
  • Քուրսի - տներում տաքանալու համար, տան վառ թոնրի վրա քառակուսի սեղան էին դնում և վրան բուրդե կարպետ գցում, որը կոչվում էր քուրսի: Քուրսու տակ նստելով տաքանում էին: Թոնրի կավե խուփը դրած էր լինում՝ կողքը մի քիչ բաց
Փերեցի կնոջ տարազը բաղկացած էր լինում երեք կամ չորս շերտից, առաջինը շապիկ, երկրորդը՝ ախլուղ կամ չին կամ միթան, որոնք մինչև ծնկի ցած էին հասնում և կարվում էին մետաքսից, չիթից կամ խաթայուց, երրորդը՝ գոգնոց, չորրորդը՝ (ոչ միշտ) քուլաջա
  • Շապիկ - կնոջ տարազի առաջին շերտը, որ առաջ էր հագվում: Բաղկացած երկարաթև և մինչև սրունքները հասնող շորից
  • Ախլուղ - շապիկի վրա հագնվող, կողքը կտրվածքով կամ ճեղքով, տան և դրսի գործերի ժամանակվա համար
  • Չին - գոտու ցածը չիներով (ծալքերով) ընդհանրապես աղջիկների կողմից հագնվող շապիկը վրայի շոր, տան և դրսի գործերի և նաև հյուր գնալու ժամանակ
  • Միթան - լայն բայց առանց ծալքերի հյուր գնալու ժամանակ շապիկի վրա հագնվող շոր
  • Գոգնոց - կտորից ախլուղի, չինի կամ միթանի վրա հագնվելի, երբեմն դոշի շուրջը կանթած փող կարած
  • Քուլաջա - հյուր գնալու ժամանակ վրայից հագնվող կարճաթև մինչև ծնկի ցածը հասնող մահութե վերարկու
  • Լաչիկ - կանանց գլխաշոր, գլուխը կապելու համար, որպեսզի մազերը չերևան: Կանայց մուգ բորդո, իսկ աղջիկները գոլի լաչիկ էին կապում՝ ծաղիկներով:
  • Գոլի - նարնջագույն
  • Եամշաղ - բարակ կտավից կամ չլվարից կտոր, ամուսնացած կանանց բերանը թակցնելու համար, որն ամրանում էր գլխի հետև
Փերեցի տղամարդու տարազը բաղկացած էր շապիկից և թումբանից
  • Թումբան - տղամարդկանց լայն տաբատ, որն գոտքատեղում ամրանում էր խունջանով և ցածից բաց էր, հարուստները դավիթե թումբան էին հագնում, աղքատները՝ կտավե
  • Խունջան - տաբատի գոտքատեղում շրջեշուրջ անցկացրած ծակից անցնող թել կամ կտորի մաս, որը քաշվում և կապվում էր՝ տաբատի վերևը նեղացնելու և հագում ամրացնելու համար: Նաև կանայք ավելի կարճ տարբեր երկարությունների թումբան էին հագնում շապիտի տակ
  • Մահութ - քարայծի կաշվի նման կտորի տեսակ
  • Դավիթ - որակավոր սև փայլփլուն կտորի տեսակ
  • Չիթ - բամբակե թելից բարակ կտորի տեսակ
  • Կտավ - բարակ բամբակե կտորի տեսակ, չիթից ավելի հաստ
  • Չլվար - բամբակե կտորի տեսակ
  • Խաթայի - փայլփլուն կերպասի կամ ատլասի նման կտորի տեսակ
  • Կանթած փող - մանր փող, որի կողքին ծակով կանթ էր ավելացված՝ շորի վրա կարելու հնարավորության համար
  • Տխտմոր - թթխմոր
  • Փառինջ - հաճար
  • Եղաձու - ձվածեղ
  • Մախոխ - պասի ժամանակ մատուցվող ձաւարով, ալյուրով, սխտորով և թերով ապուր։ Պատրաստելու համար՝ ձավար, ալյուր և սխտորը լցնում էին կճուճի մեջ և ավելացնում տխտմորը, որից մեկ կամ երկու շաբաթ հետո բովանդակությունը թթվում էր․ ապա այն լցնում էին ղազան և եփում, ավելացնելով թեր
  • Թեր - համեմ (կանաչու տեսակ)
  • Արևածաղկի հունդ - արևածաղկի սերմ
  • Կակալ - ընկույզ (ավելի տարածված Նամակերտում, այլ գյուղերում պոպոք էին ասում)
  • Թաւատ կամ կտւատ - կտավատ
  • Ալուքրայ - գետնախնձոր (կարտոֆիլ)
  • Գուլուլմանիկ - մանր դեղին ծաղկի տեսակ, որը Համբարձման տոնի մոտերն էին ծաղկում, և երիտասարդ աղջիկներն ու հարսները Համբարձման նախորդ օրը դրանց հավաքում էին, իսկ Համբարձման օրը Համբարձում յայլա երգելով բաժանում տարբեր տներ, որի փոխարեն տնեցիք նրանց կաթ կամ ձավար էին տալիս, իսկ մեկն էլ հրավիրում տուն։ Հրավիրված տնում Համբարձման երգեր էին երգում, վիճակ հանում, և կաթնով պատրաստում և հյուրասիրվում։
  • Կաթնով - Եփած ձավար կամ բրնձի վրա կաթ լցնելով պատրաստվող ուտեստ, որը նաև մատուցվում էր Համբարձում տոնելիս՝ երիտասարդների հավաքման տնում
Բոփ
  • Ջախտ - հազիվ
  • Թունդիր կամ թոնդիր - թոնիր
  • Ալապստրակ - նապաստակ
  • Թխմա ընկնել - ջրածնի սուլֆիդի գազով (կամ նեխած հավկիթի հոտով) բղկոցը կամ արտահանումը ստամոքսից
  • Վախուլի - հանկարծ
  • Էրեխտիք էլնել - մտերիմ/մոտիկ լինել
  • Պուլուլիչ - փոթորիկ
  • Կոկոշ - Թասում բրդոշի տեսակ
  • Բոփ - Ասեղի բարձիկ
  • Սնգրթալ - Ճնգճնգալ
  • Սաթրջամ - Մրսել (թոքաբո՞րբ)
  • Կուրեխ - Հիմար
  • Բռչուկ - Թափթփված, բիզ-բիզ կանգնած մազեր
  • Էֆքենէն - Առավոտ
  • Յիրիգուն - Իրիկուն
  • Ֆող - Հող
  • Ֆոր - Հոր
  • Պիպիչ - Հարսանիքներում սազը բերնին դրվող մաս
Ճաներ՝ խաղալու համար
  • Ուրախ տալ - Գյուղի կանանց բարև տալու տեսակ, ըստ որի տղամարդու կամ ավելի ավագ կնոջ տեսնելիս գլուխը թեթև կռացնում էին առանց որևէ բառի արտասանելու, իսկ դիմացինը պատասխանում էր՝ «շատ ապրես»
  • Ճան խաղալ - Զատկին և Համբարձումին 5 ոչխարի ճանով խաղացվող երեխաների խաղ․ հինգ ճաները վերև էին գցում, ապա նրանք իջնում և կանգնում էին․ փոս կողմը ալչու (տղա) էր կոչվում, իսկ տափակ կողմը՝ թոխան (աղջիկ)։ Եթե գցելուց հետո մեծ մասը ալչու էր գալիս՝ անհատը հաղթում էր, թե չե՝ պարտվում։ Զատկին ձու շահելու համար, բավական էր մի կողմ տաս անգամ իրար հետևից հաղթեր։

Ասացվածքներ և առածներ

[խմբագրել]
  • Տրտինգ էր արի քոհնա բաբդ
  • Տրտնգի ձագ
  • Տիլը ոռիդ
  • Տռելա՝ զարմացել
  • Ես ասում եմ՝ ծիտ, դու ասում ես՝ ուտես մախոխ
  • Քլքլայ բռնե՛ս
  • Պուլուլիչը քեզ տանի
  • Պտանի պատարագնա՞ - ասում են երբ մեկը բոլոր լույսերը վառ է թողնում
  • Խամով ընկնել - երկար ժամանակ ֆիզիկական ակտիվություն չունենալուց հետո ֆիզիկական շարժումներով զբաղվելուց հետո մկանների բռնվելը
  • Իրենից կուշտ - իրենից գոհ