Անկանոն բայերը ժամանակակից հայերենում

Վիքիգրքեր-ից

📍 Կան բայեր, որոնք չունեն խոնարհման մի շարք ձևեր և որոշ դերբայներ։ Այդպիսի բայերը կոչվում են պակասավոր։ Պակաս ձևերը լրացվում են այլ բայերով։ Հայերենի պակասավոր բայերն են՝ հուսալ, ցանկալ, լվալ, կենալ, արժել, կամ, գիտեմ, ունեմ, եմ։

🔷 ՀՈՒՍԱԼ բայն ունի միայն անորոշ դերբայ (հուսալ) և ըղձական (հուսամ), ենթադրական (կհուսամ), հարկադրական (պիտի հուսամ), մասամբ էլ հրամայական եղանակների (հուսա՛) բայաձևեր։ Մյուս ձևերի համար գործածվում է ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆԱԼ հարադրական բայը։

🔷 ՑԱՆԿԱԼ բայն ունի անորոշ դերբայ (ցանկալ) և ըղձական (ցանկամ), ենթադրական (կցանկամ), հարկադրական (պիտի ցանկամ) եղանակների բայաձևեր։ Մյուս ձևերում փոխարինում է ՑԱՆԿԱՆԱԼ բայը։

🔷 ԼՎԱԼ բայը չունի անկատար դերբայ, այստեղից էլ՝ նաև անկատար ներկա և անցյալ ժամանակաձևեր։ 🔴 Գրական չեն ԼՎՈՒՄ ԵՄ, ԼՎՈՒՄ ԷԻ և նման մյուս ձևերը։ Դրանց կազմության համար գործածվում է ԼՎԱՆԱԼ բայը։

🔷 ԿԵՆԱԼ բայն ինքնուրույն գործածվում է միայն անորոշ դերբայով (կենալ) և հրամայական եղանակի բայաձևերով (կա՛ց, կացե՛ք)։ Սակայն որպես հարադրավոր բայերի բաղադրիչ՝ կարող է խոնարհվել մյուս ձևերով նույնպես․ ՎԵՐ Է ԿԵՆՈՒՄ, ԱՆՑ ԿԱՑԱՎ և այլն։

🔷 ԱՐԺԵԼ բայն ունի անորոշ դերբայ և սահմանական եղանակի ներկա և անցյալ ժամանակաձևեր (արժեմ, արժեի)։ Պակաս ձևերը լրացվում են ԱՐԺԵՆԱԼ բայով։

🔷 ԿԱՄ, ԳԻՏԵՄ, ՈՒՆԵՄ բայերն ունեն միայն սահմանական եղանակի ներկա և անցյալ ժամանակաձևեր (կամ, կայի, գիտեմ, գիտեի, ունեմ, ունեի)։ Պակաս ձևերը լրացվում են ԼԻՆԵԼ, ԳԻՏԵՆԱԼ, ՈՒՆԵՆԱԼ բայերով։

🔷 ԵՄ բայը կոչվում է ԷԱԿԱՆ (երբ հանդես է գալիս լինել, գոյություն ունենալ նշանակությամբ, օր․՝ ԱՇՈՒՆ Է) կամ ՕԺԱՆԴԱԿ (երբ հանդես է գալիս որպես բայի եղանակային ձևերի բաղադրիչ)։ Ունի ներկա (եմ, ես, է, ենք, եք, են) և անցյալ (էի, էիր, էր, էինք, էիք, էին) ժամանակաձևեր։

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ[խմբագրել]

Անկանոն են կոչվում այն բայերը, որոնց խոնարհումը այս կամ այն չափով տարբեր է բայի խոնարհման ընդհանուր օրինաչափությունից: Ականավոր լեզվաբան Մանվել Ասատրյանը անկանոն բայերը հետևյալ կերպ է սահմանում. <<Կան առանձին քերականական ձևեր, որոնք որոշակի շարքերի մեջ չեն մտնում, այլ ձևերի համաբանությամբ չեն կազմվում, և, հետևաբար, խոսողը դրանք կարող է կազմել միայն ուրիշներից լսելով և սովորելով >> : Լեզվական փաստերը ցույց են տալիս, որ ներկայիս անկանոն բայերն ու նրանց դրսևորումները ոչ թե ինչ-որ մի մասնակի շրջանի հետևանք են, այլ գալիս են հեռավոր անցյալից և իրենց ամուր հիմքերն ունեն հայերենի խոր ընդերքում: Սկիզբ առնելով վաղ շրջանից` դրանք երբեք նույնը չեն մնացել, այլ, սերտորեն կապված հայերենի և դրա մեջ էլ հատկապես բայական համակարգի ընդհանուր զարգացման հետ, ժամանակի ընթացքում կրել են զգալի փոփոխություններ` հայերենի զարգացման ամեն մի փուլում ստանալով նրան համապատասխան տեսք ու ձևավորում: Բայց անկանոն բայերի կազմում տեղի ունեցած փոփոխությունները պայմանավորված չեն սոսկ հայերենի ու նրա բայական համակարգի ընդհանուր զարգացմամբ: Նրանց հետագա փոփոխությունների մեջ վճռական դեր են խաղացել նաև անկանոն բայերից յուրաքանչյուրի ձևաբանական կառուցվացքի ու դրա հիմքի վրա կատարված ձևափոխությունը: Դրանով պետք է բացատրել, որ հայերենի բայական համակարգում ծագած համեմատաբար նոր ձևերի մեջ (ըղձական, պայմանական, հարկադրական եղանակներ) անկանոն բայերը շեղումներ հանդես չեն բերում և իրենց անկանոնությամբ հիմնականում հատկանշվում են վաղակատարի, անցյալ կատարյալի ու հրամայականի ձևերում, որոնք հայերենի բայական համակարգի կրած փոփոխությունների ու տեղաշարժերի մեջ մեծ կայունություն են հանդես բերել և այդ պատճառով էլ արմատական տարբերություններ չեն ներկայացնում:

Պետք է նշել, որ սովորաբար քերականական ձևերի անկանոն կազմություններ են հանդես բերում լեզվի բառապաշարի ամենասովորական, ամենատարածված բառերը, որոնք ունեն գործածության մեծ հաճախականություն: Սակայն եթե նկատի ունենանք, որ լեզվի զարգացման հիմնական միտումներից մեկը քերականական ձևերի միասնականացման, անկանոն ձևերի վերացման միտումն է, ապա պարզ կդառնա, որ միայն մեծ հաճախականություն ու գործածություն ունեցող ձևերը կարող են կայունություն հանդես բերել` կազմելով միայնակ, առանձին, ներփակ խմբեր կամ անկանոն ձևեր:

Այսպիսով, անկանոն բայերը, որ հիմնականում Ե խոնարհման և մեծ մասամբ ներգործական սեռի բայեր են, մտնում են լեզվի հիմնական բառային ֆոնդի մեջ և աչքի են ընկնում բազմազան իմաստներով: Նրանք ոչ միայն անկախաբար են գործածվում, այլև, գրեթե անխտիր, բազմաթիվ ու բազմատեսակ հարադրավոր բայերի կազմության են մասնակցում: Օրինակ` միտք անել, սիրտ անել, ջանք անել, գլուխ գալ, դուրս գալ, ներս գալ, վրա բերել, վրա տալ, թույլ տալ, ցույց տալ և այլն: Դրանք մեծապես հարստացնում են բայական խոսքի մասի բառային կազմը:

<<Անկանոն բայերից առանձնանում և արժեքավորվում են լինել և տալ բայերն իրենց սպասարկու դերով. լինել-ով կազմվում են երկրորդական բաղադրյալ ժամանակներ, իսկ տալ-ով` պատճառական հարադիր բառեր >> :

Հարկ է նշել նաև, որ, բայի հարացույցից ինչ-ինչ շեղումներ ունենալով հանդերձ, անկանոն բայերն իրենց հերթին ևս խոնարհվում են որոշակի օրինաչափական կանոններով և, իրենց ամուր հիմքերն ունենալով գրաբարում, այլ բան չեն, քան նրանց կրած փոփոխությունների ավելի պարզ արտահայտությունը:

Անկանոն բայերի քանակի որոշման և նրանց դասակարգման սկզբունքները տարբեր քերականների մոտ տարբեր են: Օրինակ` գրաբարի համար Ա. Բագրատունին ընդունում է յոթ անկանոն (արտուղի) (տալ, գալ, երթալ, առնել, դնել, ուտել, յառնել) և չորս պակասավոր (արբի, լուայ, ծանեայ, ունիմ-կալայ) բայեր: Հրաչյա Աճառյանը գրաբարում առանձնացնում է 12 անկանոն բայ, իսկ Աբեղյանը անկանոն է համարում մի քանի տասնյակ բայեր:

Կան անկանոն բայեր (օրինակ` ելնել, տեսնել, առնել, բերել և այլն), որոնք զերծ են մեծ շեղումներից, և, ընդհակառակը, կան բայեր (օրինակ` անել, դնել, գալ, լինել, տալ և այլն), որոնք ավելի մեծ անկանոնություններով են հատկանշվում: Պարզ է, որ ավելի մեծ անկանոնությամբ են հատկանշվում այն բայերը, որոնց առանձին ձևերը կազմվում են տարբեր արմատներից (օրինակ` ուտել-կերել, կերած, կե’ր և այլն):

Այն բայերը, որոնք մենք այժմ անկանոն ենք համարում, անկանոն էին նաև գրաբարում: Այսպես` անկանոն են ասել, գալ, դնել, լինել, ուտել, տալ, տանել, դառնալ, լալ բայերը: Բայց գրաբարում անկանոն են նաև երթալ, ըմպել, լսել, ճանաչել, յառնել և այլ բայերը, որոնց մի մասը հետագայում կանոնավորվել և մտել է կանոնավոր խոնարհում ունեցող բայերի մեջ: Իսկ դրան հակառակ, որոշ բայեր, ինչպես անվանի լեզվաբան Ա. Այտընյանն է նկատել, ժամանակի ընթացքում զրկվել են կանոնավոր կամ կես-զարտուղի լինելուց և դարձել անկանոն:

Մի քանի բայեր նախապես եղել են կանոնավոր, բայց հայերենի զարգացման մի այլ փուլում, լեզվական համապատասխան օրինաչափությամբ պայմանավորված, ձեռք են բերել որոշ անկանոնություններ, որոնք, սակայն, նույնությամբ չեն հարատևել: Դրանք վերստին դարձել են կանոնավոր: Օրինակ` ճանաչել բայը, որ գրաբարում անկանոն է (ծանեայ-<<ճանաչեցի>>, ծանիր-<<ճանաչիր>> և այլն), վաղ նախագրաբարյան շրջանում եղել է կանոնավոր: Նրա նախնական ձևը եղել է ծանաչել, բայց << նախաձայն ծ-ն ազդվելով չ ձայնից` վերածվել է ճ-ի>>, և այս բայի խոնարհման ձևերում հանդես են եկել որոշ անկանոնություններ, և այն դարձել է անկանոն: Բայց դա ևս չի հարատևել: Հայերենի զարգացման ընթացքում ճանաչել բայը դարձել է կանոնավոր բայ:

Համանման ճանապարհ է անցել նաև լսել բայը, որը նույնպես հնագույն շրջանում խոնարհման համակարգի մեջ որևէ շեղում չի ունեցել: Նրա անկանոնությունը սկսվել է հետագայում: Ավելի ուշ լսել բայը դարձել է կանոնավոր:

Նախագրաբարյան երկար ու ձիգ ժամանակաշրջանում անկանոն բայերը կրել են զգալի փոփոխություններ և ապա արտացոլվել են գրաբարի մեջ: Բայց քանի որ բացակայում են կոնկրետ տվյալներն այն մասին, թե նախքան գրաբարը հայերենն ինչ ռեալ վիճակ է ունեցել, մշուշապատ է մնում նաև անկանոն բայերի ամբողջական պատկերը նախագրաբարյան շրջանում :

Գրաբարում անկանոն բայերը հետևյալներն էին` առնել, դնել, լսել, ճանաչել, յառնել, յանցանել, մեղանչել, տալ, գալ, ուտել, ըմպել, լինել, ունել, երթալ: Ճանաչել բայը, ինչպես արդեն նշեցինք, դարձել է կանոնավոր ձև ժամանակակից հայերենում: Յառնել, ըմպել բայերի գործածությունը մասամբ ընդհատվել է միջին հայերենում: Սրանք ժամանակակից հայերենին են փոխանցվել գրաբարից, հիմնականում նոր նշանակությամբ: Լսել բայը, ինչպես նշեցինք, ևս դարձել է կանոնավոր: Յանցանել բայը դարձել է հանցանք գործել և դուրս է եկել անկանոն բայերի շարքից: Մեղանչել բայը դարձել է կանոնավոր: Ունել բայի փոխարեն առաջ է եկել ունենալ ձևը , որը ժամանակակից հայերենում կանոնավոր բայ է:

Սրան հակառակ` ժամանակակից հայերենում առաջ են եկել նոր անկանոն բայեր, որոնք գրաբարում չեն եղել:

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅԵՐԵՆԻ ԱՆԿԱՆՈՆ ԲԱՅԵՐԸ[խմբագրել]

Ժամանակակից արևելահայ գրական լեզվում կա խոնարհման ընդհանուր կանոններից շեղվող շուրջ 19 բայ` առնել, ասել, բանալ, բերել, գալ, դառնալ, դնել, զարկել, ելնել, թողնել, լինել, կենալ, տալ, տանել, տեսնել, ուտել, անել: Ալ. Մարգարյանը որպես անկանոն բայ առանձնացնում է նաև բառնալ բայը , այս բայը առանձնացնում է նաև Ա. Աբրահամյանը:

Ըստ կազմության` անկանոն բայերը բաժանվում են 2 խմբի` պարզ և ածանցավոր :

Պարզ անկանոն բայերն են` ասել, բերել, գալ, լալ,տալ, զարկել, ուտել:

Ածանցավոր անկանոն բայերն են` անել (առնել), դնել, բանալ, բառնալ, դառնալ, ելնել, թողնել, լինել, կենալ, տանել, տեսնել:

Ածանցավորները սոսկածանցավոր բայերն են , որոնցում ածանցը մթագնել է և այսօրվա լեզվական զգացողությամբ արմատի մաս է կազմում : Անկանոն բայերի մեծ մասը` առնել, ասել, բերել, զարկել, ուտել, անել, դնել, տանել, ելնել, տեսնել, թողնել, ե խոնարհման են: Իսկ ա խոնարհման են պատկանում գալ, լալ, տալ, դառնալ, կենալ, բանալ, բառնալ բայերը:

Անկանոն բայերը կանոնավոր խոնարհվող բայերից հիմնականում տարբերվում են անցյալ կատարյալի և դրա հիմքից կազմված բայաձևերով: Որոշ բայեր (առնել, ասել, բերել, զարկել, ելնել, թողնել, տեսնել) կանոնավոր խոնարհումից շեղվող ձևերում հիմքի փոփոխություններ չեն կրում և արտահայտվում են նույն արմատով: Իսկ որոշ բայերի (բառնալ , բանալ , դառնալ , լալ , կենալ , տալ , տանել) խոնարհման կանոնավոր ձևերն արտահայտվում են բուն արմատով, իսկ շեղվող ձևերը` դրա փոփոխված ձևով (բան-բաց, բառն-բարձ, դառն-դարձ, լալ-լաց, տան-տաց, կեն-կաց և այլն): Այժմ անդրադառնանք անկանոն բայերին առանձին-առանձին: Անկանոն բայերը առանձնացնենք ըստ խոնարհումների` ե խոնարհման պարզ, ե խոնարհման ն ածանց ունեցող, ա խոնարհման պարզ, ա խոնարհման սոսկածանցավոր:

Ե խոնարհման պարզ բայեր` ասել, բերել, զարկել, ուտել[խմբագրել]

Ե խոնարհման ն ածանց ունեցող բայեր` անել, դնել, տանել, ելնել, առնել, տեսնել, թողնել, լինել[խմբագրել]

Ա խոնարհման պարզ բայեր` գալ, տալ, լալ[խմբագրել]

Ա խոնարհման սոսկածանցավոր բայեր` դառնալ[խմբագրել]

Ժամանակակից հայերենի անկանոն բայերը սկիզբ առնելով հին շրջանից` երբեք նույնը չեն մնացել, այլ, կապված հայերենի և նրա բայական համակարգի զարգացման հետ, ժամանակի ընթացքում կրել են զգալի փոփոխություններ: Մի շարք անկանոն բայեր ժամանակի ընթացքում դադարել են անկանոն լինելուց, դարձել են կանոնավոր, իսկ որոշ բայեր, որոնք սկզբում կանոնավոր են եղել, լեզվի պատմական զարգացման ընթացքում սկսել են անկանոնություններ դրսևորել` վերածվելով անկանոն բայերի:

Ինչպես տեսանք, ժամանակակից հայերենում անկանոն բայերը խոնարհման ընդհանուր հարացույցից շեղվում են անցյալ կատարյալում և նրա հիմքից կազմվող ձևերում: Ժամանակակից հայերենում անկանոն բայերը տարբեր չափով են շեղվում խոնարհման ընդհանուր համակարգից. կան բայեր, որոնք զերծ են մեծ շեղումներից, և կան անկանոն բայեր, որոնք մեծ անկանոնություններով են աչքի ընկնում:

Ինչպես արդեն նկատեցինք, ժամանակակից հայերենում անկանոն բայերը հիմնականում մտնում են լեզվի հիմնական բառաֆոնդի մեջ: Այստեղ պետք է նկատի ունենալ մի հանգամանք ևս, որ լեզվի զարգացման հիմնական միտումներից մեկը քերականական ձևերի միասնականացման, անկանոնությունների վերացման միտումն է, հետևաբար գործածության մեծ հաճախականություն ունեցող ձևերը կարող են կայունություն հանդես բերել` կազմելով միայնակ խմբեր, անկանոն ձևեր: